Screenshot_20180329-182851.png

Չէինք սպասում դասերն ավարտվեին, տասներորդ դասարանի տղաների ու աղջիկների մի ,,համարձակ,, խմբով փախչում էինք դասից, բռնում Դվինի ավերակներ տանող մեկկիլոմետրանոց ճանապարհը, որն այդ ժամանակ այնքան երկար էր՝ երկինքն ու երկիրը միացնող հորիզոնի նման: Ճանապարհին կատակում էինք, գժություններ անում ու ամենակարևորը՝ որոշում, թե ինչ պիտի ասեինք տնօրենի սենյակում, երբ մեզ հաջորդ օրը տնօրենի մոտ կտանեին, կամ թե՝ մեր ծնողներին, թե ինչն է մեզ համառորեն տանում դեպի Դվինի խորհրդավոր ավերակները: Մի անհանգիստ-ոգևորությամբ կհասնեինք Դվինի ավերակնեի մոտ, աղջիկները՝ իբր դժվարությամբ, կփորձեին բարձրանալ ամեն բլրակի վրա, իսկ տղաները, հազիվ ընձեռնված բացառիկ հնարավորությունից օգտվելով, կբռնեին արդեն սրտով ընտրած աղջկա ձեռքը, ու ամեն կերպ դրսևորելով իրենց ջենտլմենությունը, կապացուցեին, որ առանց իրենց օգնության մենք՝ աղջիկներս, այպես էլ չէինք կարողանա բարձրանալ: Բլուրների, խոր փոսերի, ինչ որ խորհրդավոր քարերի գոյությունը, մեզ ամեն անգամ ավելի կկապեր ավերակների հետ: Հետո կմտնեինք փոքր մատուռները /ժամ՝ մեր բարբառով/ ու մոխրից ու մոմերից կպչուն դարձած սև քարերին մի ուրիշ փոքր, տափակ քար կկպցնեինք՝ հատուկ երազանք պահելով, երազանք, որ այդպես էլ կմնար կպչուն, մոմոտ քարերի տակ: Մի մանկական խաղաղությամբ կհավատայինք այդ տարիների մոդայիկ երազանքի իրագործմանը՝ ԲՈւՀ ընդունվելուն:

Կանցնեինք հաջորդ առաքելությանը…

Հետո մի տղա, հենց ժամի մեջ, պատեհ առիթը բաց չթողնելով, կխոստովաներ՝ / վայրը հավատացնում էր, որ ասվածը անկեղծ է/ հայացքը սիրած աղջկան հառած, ու ինչքան կտրուկ ու համարձակ, այնքան՝ մերժման պատրաստ: Իսկ օրիորդը՝ իբրև թե չէր լսել, աղջկական մի սեթևեթ հայացք կնվիրեր տղային, ու թեթև գլխի շարժումով կպահանջեր նորից կրկնել ,,վատ,, լսածը: Տղան կկրկներ՝ ամեն անգամ ավելի ցածրաձայն, բայց ավելի համոզիչ, գուցե` ներքուստ նյարդայնացնող:

Ու այսօր, երբ անցել է քսան տարի, ու ես իմ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ՝ առաջնորդի պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ, նորից այդ ոգեղեն ավերակների հետ եմ, մի ուրիշ, հասուն կարոտ մոմի պես հալվել է մայրաքաղաքի տաք քարերին, լցվել փոսերի ու գարանան դեղձահոտ օդի մեջ… Լցրել ներսս։

Ուրիշ եմ ես, ուրիշ են մարդիկ, ուրիշ է հոգսը, բայց նույնն է ամեն օրը ավելի կատարյալ ու ապրած դարձնելու ձգտումը:

20180329_105408.jpg20180329_103900.jpg20180329_104604.jpg20180329_104521.jpg20180329_105002.jpg20180329_103337.jpg

Реклама