Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։

Կատարվում էր Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։

Ծաղկազանդին պատրաստել են տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ։ Դրանք տարբեր ազգագավառներում ունեցել են տարբեր անվանումներ՝ Նուրի, Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն։

Նուրին հայտնվում էր Ծաղկազարդի տոնին և երաշտի ժամանակ։ Նուրիի աչքերից էին ծնվում շաղը, ցողն ու անձրևի կաթիլները։ Երբ մարդ ու անասունը տառապում էին ջրի սակավությունից, Նուրին արտասվում էր և նրա արցունքներով թրջված հողը վերակենդանանում էր, կրկին բերք տալիս։

Խաղեր

Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Բալուում տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ[2]:

Պարեր

Նուրի տիկնիկը պատրաստվում էր ցախավելից կամ փայտից։ Դեմքը պատրաստում էին սպիտակ լաթից, գոտին՝ գունավոր կտորից, լաչակը՝ փայլփլուն ուլունքներից, իսկ գլխին ամրացնում էր ծաղկեպսակ:

Երբ Նուրի տիկնիկին պտտեցնում էին հրապարակներով ու թաղերով, մարդիկ լուսամուտներից ու դռներից կուժերով ջուր էի շաղ տալիս թափորի վրա, իսկ թափորի մասնակիցներին նվերներ ընծայում։ Հավաքված բարիքով երիտասարդները կամ խնջույք էին կազմակերպում, կամ էլ պատվիրում էին դարբնին մի մետաղյա տիկնիկ պատրաստել, որը թողնում էին գյուղի սրբավայրում։

Նուրի տիկնիկի ծեսը տոնի ամենակարևոր բաղադրիչներից էր։

Ուտեստներ

Ծաղկազարդի հիմնական ուտեստները եղել են կարմիր ներկած ձունձուկը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, վերջում՝ թանձր եփած թանով սպասը կամ կաթով կորկոտաճաշը։

Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։ Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։

Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և իբրև մատաղ բաժանում ժողովրդին։

Ծաղկազարդին եփել են նաև եղինջ, որովհետև հավատացել են, որ Քրիստոսին հենց եղինջով են ծեծել։

Այլ տարածված ուտեստներից են եղել քացախով համեմված ոսպապուրը, օձի թթուն, սամիրը (կաթով եփված կոտոտաճաշ), աղամաղը (սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որ չորացնում ու պահում էին այդ օրվա համար): Ավագ հինգշաբթ օրը այն խաշում էին, մանրացնում, սոխ կտրատում, համեմում աղով ու պղպեղով:

Ծաղկազարդին պատրաստել են հատիկ կոչվող աղանդերը։ Այն պատրաստվում էր ցորենիցսիսեռիցչամիչից և շաքարահատիկներից։ Հատիկ տանում էին հյուր գնալիս կամ որպես ընծա տալիս թաղից թաղ շրջող և Ծաղկազարդի երգեր երգող երեխաների խմբերին։ Այդ պատճառով հատիկը պատրաստվում էր մեծ քանակությամբ:

Реклама