Հարավային դպրոցի ամառային ճամբարը՝ էլի հինգ ճամբարականով, շարունակում է իր աշխույժ առօրյան: Այսօր ճանապարհը մեզ տարավ Արևմտյան դպրոց-պարտեզ: Եղանք ընկեր Խորոնի հյուրը: Նա մեզ սովորեցրեց, թե ինչպես պետք է խնամել ձիերին: Մենք սիրով, ու իրար հերթ չտալով առաջ ընկանք թե ո՞վ պետք է առաջինը մոտենա Մաշային՝ կարմրամազ հրաշքին: Ձիերին խնամելը մեզ մոտ շատ լավ ստացվեց, կարծես թե մեզանից գոհ մնացին: Ձկները լողում էին՝ բերանները ջուր առած, իսկ ծովախոզուկը մեզ էր նայում՝ լայն բացված աչքերով: Բադերն ու սագերը անխնա աղմկում էին: Սպիտակամազ շունը շոգից նվաղել էր, աչքերը խամրել էին: Փասիանները վախից թաքնվել էին, իսկ գերմանական հովվաշունը պատն ի վեր թռիչքներ էր անում, չգիտեմ՝ ուրախությունից, թե անհանգստությունից: Իսկական Ագարակ՝ իրական կենդանիներով ու հոգատար խնամողներով:

Ագարակից դուրս եկանք ու մի վայրկյան անգամ չկորցնելով, մտանք փակ լողավազան: Ա՜յ էստեղ ամեն ինչ այլ է: Իսկական հրճվանք ու կատարելություն… Հավեսն էլ դուք պատկերացրեք: Էսպիսի խնամված, մաքուր, առողջ ու գոհ օր:

 

Реклама